Հոկտեմբերի 27-ին  կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, խորհրդի նախագահի տեղակալ Արսեն Քարամյանը ներկայացրել է Online համակարգով ներկայացված դրամաշնորհային ծրագրերի փորձագիտական քննության ուղեցույցը։ Ուղեցույցով սահմանվում է ՀՀ պետական բյուջեով երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի եւ միջոցառումների ֆինանսավորման տողով նախատեսված հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի փորձագիտական քննության (փորձագետների կողմից այդ ծրագրերի գնահատում եւ կատարված աշխատանքների որակի վերահսկողություն) իրականացման գործընթացը` նպատակ ունենալով ապահովել դրամաշնորհային ծրագրերի մատչելիությունն ու հրապարակայնությունը։  Վերոնշյալ փաստաթուղթը հաստատվել է խորհրդի կողմից` մտքերի փոխանակման ընթացքում ներկայացված առաջարկություններով ու դիտողություններով հանդերձ։ Օրակարգային հարցերի թվում քննարկվել ու ի գիտություն են ընդունվել մարզերում եւ համայնքներում տեղական մակարդակով իրականացվող երիտասարդական քաղաքականության խթանման ու երիտասարդության մասին օրենքի նախագծի քննարկումների կազմակերպման հարցերով զբաղվող, խորհրդի շրջանակում ստեղծված աշխատանքային խմբերի զեկույցները։