Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ անսպասելիորեն արթնացել է մարդասիրությունը և իր համաքաղաքացիների նկատմամբ կարեկցանքը։ Նա որոշել է բացել իր քսակը։ Իր միլիարդների հասնող նավթադոլարների խնայողություններից՝ «Նախագահի պահուստային ֆոնդից» (ադրբեջանցի լրագրողների հպարտությունը) նա ավելի քան 3,5 մլն. դոլար է (ավելիին չի բավականացրել նրա առատաձեռնությունը) հատկացրել՝ «փախստականների ու բռնի տեղահանվածների ընտանիքների կենցաղային պայմանների բարելավման» նպատակով։

Ալիևի կարգադրության համաձայն, բռնի տեղահանված մոտ 700 ընտանիքների համար բազմաբնակարան շենքերի նախագծման ու կառուցման նպատակով 2009 թվականին Նախագահի պահուստային ֆոնդից Փախստականների ու բռնի տեղահանվածների հարցերով պետական կոմիտեին կհատկացվի 3 մլն. մանաթ։ Պետական նավթային հիմնադրամին հանձնարարվել է 2010 թվականի բյուջեի կազմման ժամանակ հաշվի առնել շինարարական աշխատանքների շարունակման համար անհրաժեշտ համապատասխան միջոցները։

Ալիևի որոշումը կարելի է համարել այն բանի ազդանշան, որ Ադրբեջանի իշխանությունները սպառել են «մեկ միլիոն փախստականների» մասին թեզի քարոզչական ներուժը։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանում վերջին տասնամյակի ընթացքում գոյություն ունեին փախստականների համար նախատեսված հատուկ արգելաբնակավայրեր, ուր տանում էին արտասահմանյան պատվիրակությունների անդամներին, որպեսզի կոկորդիլոսի արցունք թափեն «հայ ագրեսորներին» վկայակոչելով։ Մինչդեռ Հայաստանում, որին Ադրբեջանը պարբերաբար անվանում է աղքատ ու անօգնական, փախստականների խնդիրը ջանում էին լուծել զինված հակամարտության ժամանակ անմիջականորեն նրանց ժամանման ընթացքում և մինչ օրս։ Նշենք, որ խոսքը Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից և ադրբեջանական այլ քաղաքներից բռնի տաղահանված հարյուր հազարավոր մարդկանց մասին է։ Խնդիրը առավելագույնս բարդանում էր այն պատճառով, որ հակամարտությունը ըստ էության, համընկել էր Սպիտակի ավերիչ երկրաշարժին, որը Հայաստանի հյուսիսում անօթևան էր թողել տասնյակ հազարավոր մարդկանց։ Եւ այնուամենայնիվ, հայ ղեկավարներն այնքան վեհանձն գտնվեցին, որ չշահարկեցին մարդկանց վիշտը և ուժով չպահեցին նրանց արգելաբնակավայրերում։ Այլ բան է, որ փախստականների խնդիրները և Հայաստանում էլ կարելի էր լուծել առավել արդյունավետ կերպով, սակայն դա մեկ այլ պատմություն է։