Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հոկտեմբերի 27-ին Պետդումային է ներկայացրել «Ոստիկանության մասին» օրենքի նախագիծը: Այս մասին նա ասել է Աստրախանում` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումց հետո:

Ինչպես հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը, Մեդվեդեւը նաեւ ասել է, որ «Ոստիկանության մասին» օրենքը ուժի մեջ կմտնի ոչ թե 2011-ի հունվարի 1-ից, այլ` մարտի 1-ից: Նրա խոսքով, օրինագիծը Պետդումա ներկայացնելը չի նշանակում, որ այն փակ է քննարկումների համար:

«Հայտնի պատճառներով, այս օրինագիծը պետք է անցնի քննարկման բոլոր անհրաժեշտ փուլերը: Վստահ եմ, որ տարբեր տեքստային ու իմաստային փոփոխություններ կարվեն, սակայն օրինագծի կմախքը պատրաստ է խորհրդարանում քննարկումներ սկսելու համար»,- ասել է ՌԴ նախագահը:

Օրինագծի նախնական տարբերակում չի եղել դրույթը, ըստ որի մարդուն ձերբակալելիս ոստիկանը պարտավոր է նրան բացատրել իր իրավունքները եւ մեկ զանգի իրավունք տալ: Հիմա այդ դրույթը մտցված է: Բացի այդ, բազմաթիվ քննադատություններից հետո, օրինագծից հանվել է «ոստիկանության «անանխոչընդոտ ներխուժում» մարդկանց բնակարաններ» արտահայտությունը: Ըստ նոր օրենքի ոստիկանն իրավունք չունի ինքնուրույն ստուգումներ իրականացնել ձեռնարկություններում ու կազմակերպություններում: