Թերթի տեղեկություններով, երեկ բավականին ուշագրավ միջադեպ է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ պահվում է քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը։ Երեկ կեսօրին վերջինս կանչվել է ՔԿՀ-ի ղեկավարության մոտ, որտեղ նրան տեղեկացրել են, թե ինքը ապօրինի հեռախոս է պահում իր մոտ, ինչի համար իրենք զեկուցագիր են գրելու, եւ որպես տույժ՝ վեց ամսով երկարացնելու են Հացպանյանի պահման ժամկետը։ Ու չնայած Հացպանյանը պնդել է, որ ինքը հեռախոս չունի, որ զանգելու համար պարբերաբար օգտվում է տաքսաֆոնից, եւ նաեւ առաջարկել է խուզարկել իր խուցը, ՔԿՀ ղեկավարությունը շարունակել է պնդել, թե տույժն, այնուամենայնիվ, նշանակվելու է։ Ըստ թերթի, նոյեմբեր ամսին պետք է կայանա պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ պետք է քննարկվի նաեւ Հացպանյանի հարցը։ Ու եթե մինչ այդ Հացպանյանը տույժ ունենա, ապա նրա հարցը պարզապես չի քննվի։ Թերթի տեղեկություններով, հեռախոսի հետ կապված այս ողջ պատմությունը կապված է հենց դրա հետ։