Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսը չորեքշաբթի հայտարարել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Ելույթ ունենալով ազգային հետուստատեսությամբ, Կարամանլիսը հաղորդել է, որ արդեն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, կդիմի երկրի նախագահ Կարոլոս Պապուլյասին՝ խորհրդարանը ցրելու խնդրանքով։
Կարամանլիսն իր որոշումը բացատրել է տնտեսական ճգնաժամի հետևանքով երկրում ստեղծված բարդ իրավիճակով։ Ընտրությունների ստույգ ամսաթիվը վարչապետը չի ասել, սակայն առավել հավանական է, որ դրանք տեղի կունենան արդեն հոկտեմբերի 4-ին։
Կարամանլիսի «Նոր ժողովրդավարություն» կուսակցության կառավարության ձևավորման քառամյա մանդատի ժամկետը լրանում էր միայն 2011 թվականի աշնանը. «Իմ նպատակն էր ավարտել կառավարության քառամյա ժամկետը, սակայն դրա համար պետք է լիներ քաղաքական համապատասխան միջավայր, որը չկա»,- հայտարարել է Հունաստանի վարչապետը։
Միաժամանակ, վերընտրման դեպքում Կարամանլիսը խոստացել է խստորեն վերահսկել պետական ծախսերն ու բյուջեի դեֆիցիտը, անողորմ պատերազմ հայտարարել հարկերից խուսափողներին։




























