Հայաստանի հանրապետական կուսակցությունը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին «Ժառանգության» ներկայացրած օրինագծի քվեարկությանն այսօր հավանաբար չի մասնակցի։ Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուրարդ Շարմազանովը։
«Հանրապետականն այս հարցի շուրջ չի փոխել իր դիրքորոշումը. մենք օրինագծին դեմ չենք քվեարկելու, ավելի հավանական է, որ չենք մասնակցի քվեարկությանը, որովհետեւ Արցախի անկախությանը դեմ քվերակելն ազգային ուժի համար ճիշտ չի լինի։ ՀՀԿ-ն, հանդիսանալով արցախյան պայքարի եւ անկախության առաջամարտիկներից մեկը, այս հարցի շուրջ ապազգային դիրքորոշում չի կարող ունենալ։ Հանրապետական կուսակցությունն Արցախի միջազգային ճանաչման ջատագովն է, սակայն երբ ժամանակը գա, հանրապետականները կարող են արտահերթ նիստ գումարել եւ այդ որոշումն անցկացնել. սա այն որոշումն է, որը պետք է անցնի 131 «կողմ»-ով։ Համազգային խնդիրներում մենք պետք է կարողանանք վեր կանգնել կուսակցական, խմբակային շահերից, կոնսոլիդացվենք եւ հարցին ճիշտ մոտեցում ցուցաբերենք։ Երբ ժամանակը գա, Հայաստանի խորհրդարանը եւ քաղաքական մեծամասնությունն ինքը կդնի ճանաչման հարցը։ Բայց քանի դեռ բանակցությունները շարունակվում են, նպատակահարմար չէ, որպեսզի Հայաստանի Ազգային ժողովը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետեւ ինքնանպատակ քայլերը չեն կարող օգուտ տալ: Մեր նպատակը Արցախի միջազգային ճանաչումն է, եթե այդ ճանաչումը կօգնի ԼՂՀ միջազգային ճանաչմանը, մենք կգնանք դրան։ Բայց առ այսօր մեր գործընկերները ինձ եւ իմ կոալիցիոն մյուս գործընկերներին չեն համոզել, որ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումն կարող է օգտակար լինել ԼՂՀ միջազգային ճանաչմանը»,- ամփոփեց Շարմազանովը։
Նշենք, որ այսօր՝ հոլկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովում կկայանա «Ժառանգություն» կուսակցության՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը։




























