«ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանը բաց նամակ է հղել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլին, որտեղ իր վրդովմունքն է հայտնում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Նամակում մասնավորապես, ասվում է.

«Ես ափսոսանք եւ խորը հիասթափություն ապրեցի՝ տեղեկանալով Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին: Կարծում եմ, որ դա անհարգալից մոտեցում է նախեւառաջ ՀՀ քաղաքացու, ապա նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորի նկատմամբ: Հարկ եմ համարում նշել, որ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Շիրակի մարզում եւ ամբողջ հանրապետությունում մեծ հարգանք ու հեղինակություն վայելող բանիմաց անձնավորություն է: Լինելով եկեղեցու ազնիվ սպասավոր եւ քրիստոնեական հավատքի նվիրյալ հետեւորդ՝ սրբազանը նաեւ ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության առաջամարտիկ է: Նրա հոգեւոր, մշակութային եւ քաղաքացիական գործունեությունը ընդունվում ու խրախուսվում է թեմի հավատացյալների, եւ ընդհանրապես, Շիրակի մարզի բնակիչների կողմից: Կարծում եմ, որ Սրբազանի հանդեպ դեսպանատան հյուպատոսական բաժնի նման վերաբերմունքը որպես անձնական վիրավորանք կընկալի Շիրակի մարզի ցանկացած քաղաքացի:

Լավ իմանալով Սրբազանի ներդրումը ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատությունների, համամարդկային արժեքների խրախուսման եւ տարածման բարդ գործում, մեզ համար անհասկանալի է, թե ի՞նչ հիմունքներով է հյուպատոսական բաժինը նման վարքագիծ դրսեւորել: Հույս ունեմ, որ դա սխալմունք է, որը կշտկվի: Այլապես դա կարող է ընկալվել որպես սխալ ուղերձ բոլոր նրանց, ովքեր չեն նահանջում Հայաստանում ժողովրդավարական արժեքների պաշտպանության հավատամքից»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ թագավորության դեսպանությունում հրաժարվել են մուտքի արտոնագիր տրամադրել Միքայել եպիսկոպոս Աջապահյանին։ Նրան ոչ միայն մերժել էին, այլեւ ոչ վայելուչ ձեւով դուրս էին հրավիրել դեսպանատնից՝ ասելով «Գնացեք ձեր ժողովրդի հետ աշխատեք, ոչ թե մտեք դեսպանատներ»: Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Մեծ Բրիտանիա էր մեկնում` մասնակցելու միջազգային համաժողովի:

Հետագայում բրիտանական դեսպանատունը մեկնաբանելով իր քայլը, NEWS.am-ին հայտնել էր. «Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության մուտքի արտոնագիր ստանալու բոլոր դիմումները քննվում են ըստ արժանիքների՝ հաշվի առնելով հանգամանքները եւ իմիգրացիոն օրենքները: Այս դեպքում, պարոն Աջապահյանը չի ներկաայցրել ՄԹ-ից ուղարկված օրիգինալ հրավերը եւ ԱԳՆ-ից նոտա` իր դիվանագիտական անձնագրի վերաբերյալ»: