Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը երեքշաբթի օրը պաշտոնապես հայտարարել է իր պաշտոնից հեռանալու եւ երկրի խորհրդարան որպես շարքային պատգամավոր աշխատանքի անցնելու մտադրության մասին։

«Ես, որպես կոմունիստական կուսակցության նախագահ, չեմ պատրաստվում մեր հայրենիքի եւ կուսակցության համար ճակատագրական պահին մնալ նախագահի պարտականությունները կատարողի բավական կասկածելի ու երկիմաստ դիրքում»,- հայտնել է Վորոնինը՝ Կոմունիստական կուսակցության համակուսակցական հավաքի խորհրդակցության ժամանակ։

Վորոնինի խոսքերով, նրա որոշումը պայմանավորված է նրանով, որ նա չի ընդունում «ճանապարհը, որով ուզում են տանել երկիրը»։

«Ինձ մոտ չկան ոչ բարոյական, ոչ էլ քաղաքական հիմքեր, որ հենց այնպես ձեւականորեն կատարեմ այդ բարձր պետական գործառույթը»,-ընդգծել է Վորոնինը, հավելելով՝ թե անցնում է խորհրդարան, որպես շարքային պատգամավոր, «կուսակցության, խմբակցության հետ լինելու համար»։

Մոլդովայի Սահմանադրության համաձայն, երկրի նախագահի պարտականությունները անցնում են Ազգային ժողովի նախագահ Միխայ Գիմպուին։