Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Հայ-ամերիկյան խորհուրդը հայտարարում է, որ Կալիֆորնիայի նահանգապետական ընտրություններում պաշտպանում է դեմոկրատ թեկնածու Ջերի Բրաունի թեկնածությունը:
«Ջերի Բրաունը երկար տարիներ Հայկական հարցի ակտիվ պաշտպանն է, եւ նա միակն է բոլոր թեկնածուների մեջ, ով կարող է լավագույնս ներկայացնել հայ համայնքի շահերը»,-ասել է Հայ-ամերիկյան խորհրդի Գործադիր մարմնի անդամ Սեւակ Խաչատրյանը:
«Բրաունը դեռեւս 1970-ական թվականներից, երբ Կալիֆորնիայի նահանգապետն էր, սերտ կապեր է ունեցել Ամերիկայի հայկական համայնքի հետ: Նա մեր շատ հայրենակիցների նշանակել է պատասխանատու դատական եւ գործադիր պաշտոններում:
Ջերի Բրաունը մշտապես պայքարել է պաշտոնական Վաշինգթոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
Հայկական համայնքին նվիրվածությունը Բրաունին շահեկանորեն առանձնացնում է այլ թեկնածուներից: Մենք վստահ ենք, որ հետագայում նույնպես Բրաունը կպաշտպանի ԱՄՆ-ի հայ համայնքի շահերն ու կհետաքրքրվի նրանց խնդիրներով»,-ավելացրել է Սեւակ Խաչատրյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՍԴՀԿ Մամլո Դիվանից:





























