Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում: Այսօր նա հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին եւ նրա հետ քննարկել երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

«Թուրքիան հուսով է, որ ԵԱՀԿ Մինսկի աշխատանքը կարճ ժամկետում կօգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչն էլ տարածաշրջանում կհանգեցնի կայունության եւ անվտանգության»,- ասել է Դավութօղլուն Լավրովի հետ համատեղ տված ասուլիսում եւ հավելել. "Մենք ուշադիր հետեւում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին եւ հույս ունենք, որ խմբի աշխատանքը կնպաստի ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Ի դեպ, Դավութօղլուն իր խոսքում «սայթաքել» եւ հայտարարել է, թե Թուրքիան Մինսկի խմբի համանախագահ երկիր է: Սերգեյ Լավրովը ստիպված է եղել ուղղել իր թուրք գործընկերոջը եւ նշել, որ Թուրքիան համանախագահ չէ, բայց ակտիվ մասնակցում է կարգավորման գործընթացին:

Դավութօղլուն նաեւ նշել է, թե Թուրքիան Ռուսաստանի հետ համատեղ կհասնի Կովկասում խաղաղության եւ կայունությանը: «Այսօր մենք ավելի շատ հնարավորություններ ունենք դիտարկել խնդիրները Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին նկատել է, թե Թուրքիան եւ Ռուսաստանն ակտիվ դեր են խաղում Հարավային Կովկասի հակամարտությունների լուծման գործում: «Թուրքիան եւ Ռուսաստանը քննարկում են իրավիճակը Հարավային Կովկասում եւ առաջարկում են համապարփակ առաջարկներ հակամարտությունների լուծման ուղղությամբ»,- նշել է Լավրովը: ՌԴ արտգործնախարարը նաեւ հայտնել է, թե դավութօղլուի հետ հանդիպման ըթնացքում քննարկվել է նաեւ 2008թ. սեպտեմբերին առաջարկված «Կովկասում անվտանգության եւ կայունության պլատֆորմը», որի նպատակներից է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրների լուծումը:

Արտգործնախարարները նաեւ նշել են, թե առաջիկայում տեղի կունենա ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա: Դավութօղլուն նաեւ Լավրովին է հրավիրել պաշտոնական այցով այցելել Թուրքիա: