Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի անդամ, երաժիշտ Սերժ Թանկյանը կոչ արել է աջակցել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանի վրա գրաֆիտի արած երիտասարդներին, որոնք ազատազրկվել են:
Թանկյանը միացել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ դեկտեմբերի 10-ին նշվող մարդու իրավունքների օրվան նվիրված «Գրիր իրավունքների համար» (Write for Rights) ամենամյա արշավին եւ պահանջել ազատ արձակել Ադրբեջանում գրաֆիտիի համար ազատազրկված երիտասարդներ Բայրամ Մամեդովին եւ Գիյաս Իբրահիմովին:
«Վանդալիզմ՝ այո, փանք ռո՞ք՝ անշուշտ, բայց 12 տարվա ազատազրկո՞ւմ: Միայն Ադրբեջանի նման կոռումպացված ու ձախողված երկրում է նման բան հնարավոր: Amnesty International-ի «Գրիր իրավունքների համար» արշավն աշխատում է: Խնդրում եմ, մասնակցեք եւ օգնեք»,- Twitter-ի իր էջում գրել է Սերժ Թանկյանը:
Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել եւս մեկ ակտիվիստի՝ Գիյաս Իբրահիմովին: Երիտասարդները քաղաքական կարգախոսներ են թողել Հեյդար Ալիեւի հուշարձանի վրա, բայց մեղադրվել են հերոինի առեւտրի մեջ ու դատապարտվել:




























