Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին գանձապահ Սպիրոս Մարանգոսը նոր մանրամասներ է ներկայացրել իտալական Gazzetta dello Sport-ին` հիմնավորելով Ուկրաինային եւ Լեհաստանին ուղղված մեղադրանքները, թե այդ երկրները Եվրո-2012-ի եզրափակիչ  մրցաշարը ստանալու համար կաշառել են ՈւԵՖԱ-ի չորս պաշտոնյաների:

«Քվեարկության նախօրերին` 2007թ. ապրիլի 18-ին ես տարօրինակ իրադարձություններ նկատեցի Քարդիֆում: Ես գիտեի, որ Գեորգի Սուրկիսն ամեն գնով ուզում է ստանալ Եվրո-2012-ը: Ես սկսեցի ինֆորմացիա հավաքել: Ես երեք վկա ունեմ: Նրանցից մեկը հետեւել է մարդկանց տեղաշարժին Քարդիֆում, մյուս երկուսը կարող են պատմել ձայների համար վճարած գումարների մասին: Գործկոմի չորս անդամ է կաշառվել: Մեկը ստացել է 3,15 միլիոն եվրո, մյուս երեքը` յուրաքանչյուրը երկու միլիոն: Կարող եմ ասել, որ 3,15 միլիոնը փոխանցվել է Կիպրոսում, մեծ փափուկ խաղալիք արջի մեջ: Խոսքերս կարող եմ ապացուցել երեք փաստաթղթերով, թեեւ մեկն էլ հերիք է հետաքննության համար»,- ասել է Մարանգոսը: