Հայաստանում մեկ տնային տնտեսությունում բնակվում է միջին հաշվով 1,4 ընտանիք, իսկ տնային տնտեսության անդամների միջին թիվը` 4,2 մարդ է: Այսպիսի տվյալներ են ստացվել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացված «Հայաստանի բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրությունից»:

Ըստ այդմ, պարզվել է, որ Հայաստանում ընտանիքի անդամների միջին թիվը` 3 է, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքի անդամների միջին թիվը` 4 մարդ:

Հարցված տնային տնտեսությունների գրեթե 3/4-ում գլխավորները եղել են տղամարդիկ, որոնց միջին տարիքը քաղաքում կազմել է 49,8, գյուղում` 52,9 տարի: Կին գլխավորների միջին տարիքը գրեթե 10 տարով գերազանցել է տղամարդ գլխավորների միջին տարիքը եւ քաղաքում կազմել է 59,8, գյուղում` 62,5 տարի:

Քաղաքներում բնակվող անչափահաս երեխա ունեցող ընտանիքների 39 տոկոսը նուկլեար է (բաղկացած է ամուսինների մեկ զույգից` երեխաներով կամ առանց երեխաների), 4 տոկոսը` ոչ լրիվ կազմով, իսկ 57 տոկոսը ընդլայնված բարդ ընտանիքներ են: Գյուղական վայրերում 34 տոկոսը նուկլեար են, 3 տոկոսը` ոչ լրիվ կազմով, իսկ 63 տոկոսը ընդլայնված բարդ ընտանիքներ են: