«Մեր պետական անկախությունն արդեն հասունացել է, այսինքն՝ 18 տարեկան է, և իր բոլոր հատկանիշներով համապատասխանում է այն բոլոր հնարավոր պայմաններին ու չափանիշներին, որոնց համաձայն ճանաչվում են նորանկախ հանրապետությունները։ Կարծում եմ, որ այդ տեսանկյունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը կարելի է կայացած և անդառնալի փաստ համարել»։ Նման կարծիքի է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Ըստ նրա, «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առաջին հերթին վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի Հանրապետություններին, սակայն պետք է հաշվի նստել այն փաստի հետ, որ այսօր ո՛չ մեր տարածաշրջանում, ո՛չ ընդհանուր առմամբ ողջ աշխարհում չկան փակ սահմաններ»։

«Այդ երկու պետությունները ցանկացած դեպքում պետք է անցնեն այդ մեծ ճանապարհը, սակայն միանշանակ է, որ երկու պետությունների հասարակություններում առկա է որոշակի թերահավատություն։ Դրանք շատ ակնառու են նաև ԼՂՀ հասարակությունում, թեպետ այն, ինչը տեղի ունեցավ վերջին օրերին, ներկա իրավիճակում անմիջական կապ չունի ղարաբաղյան հարցի հետ։ Եւ մնում է միայն սպասել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն մոտ ժամանակներս»,- նշել է ԼՂՀ խորհրդարանի նախագահը։