Ռուսաստան աշխատանքի մեկնող հայ միգրանտները հնարավորություն կստանան Ռուսաստանում աշխատելու օրինական թույլտվություն ստանալ Երեւանում։ Այսօր` հոկտեմբերի 28-ին կառավարությունը հաստատեց Ռուսաստանի կառավարության հետ մի համաձայնագիր, ըստ որի Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունը Երեւանում կարող է ներկայացուցչություն բացել։ Սա բխում է Ռուսաստանի նոր միգրացիոն քաղաքականությունից, ըստ որի՝ աշխատանքի թույլտվություններ պետք է իրականացվեն ելքի երկրներում։

Ըստ կառավարության տրամադրած տեղեկանքի՝ Հայաստանից սկիզբ  առնող  միգրացիոն հոսքերի  հիմնական վեկտորն  ուղղված   է  դեպի  Ռուսաստանի Դաշնություն, ինչն առավել ցայտուն  է արտահայտված հատկապես  սեզոնային աշխատանքային  միգրանտների  դեպքում (ըստ  հետազոտությունների  տվյալների՝  93 տոկոսն  ընտրում  է  հենց  Ռուսաստանի Դաշնությունը)։

Հայաստանցի միգրանտների  անօրինական կարգավիճակի  պատճառով  հաճախ  ոտնահարվում  են  նրանց  իրավունքները  եւ  նրանք  հայտնվում  են  անպաշտպան  վիճակում։