125 ընտրական տեղամասերի 40 տոկոսում իշխանության ներկայացուցիչների դեմ պայքարում են ընդդիմադիր գործիչներ: Մնացած 60 տոկոսի դեպքում կամ ընդհանրապես այլընտրանք, կամ էլ դա զուտ ձեւական բնույթ ունի: Այսինքն եթե նույնիսկ ընդդիմության բոլոր թեկնածուները դառնան պատգամավորներ, ապա հաղթանակը միեւնույն է իշխանությանը կլինի: Հոկտեմբերի 28-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին:

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ,  Քերիմլին մի շարք միջազգային կազմակերպությունների մեղադրել է իշխանությունների քարոզչությունը կատարելու մեջ եւ վստահեցրել, որ կպատռի նրանց դիմակը: Նա նաեւ նշել է, որ մտադրություն չունի զիջելու ընտրությունների այս փուլում:

«Մենք կձեւակերպենք փաստաթղթերը, որոնք կապված են օրենքի խախտումների հետ, կդիմենք բոլոր համապատասխան գերատեսչություններին, այդ թվում նաեւ Մարդու իրավունքերի եվրոպական դատարան` չնայած որ, նրանք որոշում են կայացրել միայն երկու դիմումների հետ, որոնք առնչվել են խորհրդարանական ընտրություներին: Այդ մարմինն աշխատում է դանդաղ, սակայն մենք այնուամենայնիվ կդիմենք»,- ասել է Քերիմլին:

«Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարն իր հերթին նշել է, որ «ՊՆՖԱ-Մուսավաթ» ընտրական բլոկի դիտորդները լրջորեն հետեւելու են ընտրությունների ընթացքին:

Խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում կանցկացվեն նոյեմբերի 7-ին: 2005 թվականից ի վեր, նրանք անցկացվում են միայն մեծամասնական ընտրակարգով: Իլհամ Ալիեւի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության նախաձեռնությամբ կուսակցական ցուցակներով ընտրությունները հանվել են, ինչը նվազագույնի է հասցրել ընդդիմության մուտքը խորհրդարան: Միջազգային հասարակությունը շարունակում է աչքերը փակել այն փաստի վրա, որ բոլոր կուսակցությունների համար հավասար հնարավորություններ չեն ստեղծված: