Հոկտեմբերի 28-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալ Թրեմբլեյի գլխավորած պատվիրակությանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Է. Նալբանդյանը բարձր է գնահատել Կանադայի հետ երկկողմ հարաբերություններում վերջերս արձանագրված ակտիվությունը` հույս հայտնելով, որ դա լավ հիմք է համագործակցության բազմաբովանդակ զարգացման համար: Էդվարդ Նալբանդյանի բնորոշմամբ հայ-կանադական փոխգործակցությունը արդյունավետ է նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, իսկ Մոնրեալի քաղաքապետի այցը կնպաստի նաեւ ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը:
Մոնրեալի քաղաքապետը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Երեւանի եւ Մոնրեալի միջեւ հաստատված համագործակցությունը նոր լիցք ստացավ այսօր ստորագրված փոխըմբռնման հուշագրով եւ այն երկու երկրների բարեկամական հարաբերությունների իրական արտացոլում է: Ժերալ Թրեմբլեյն ընդգծել է կանադահայ համայնքի ներդրումն ու դերակատարությունը երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման գործում:
Զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել Ֆրանկոֆոն քաղաքների 31-րդ համաժողովը Երեւանում անցկացնելու վերաբերյալ օրեր առաջ կայացված որոշման կապակցությամբ եւ մտքեր փոխանակել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում ապակենտրոնացված համագործակցության շուրջ:




























