Ուկրաինայում ընդդիմադիր «Տարածաշրջանների կուսակցության» լիդեր Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ իր նախագահ ընտրվելու դեպքում ամեն ինչ կանի, որպեսզի ռուսերենը երկրում դառնա երկրորդ պետական լեզու: Այս մասին նա հայտարարել է Օդեսայի պետական հեռուստատեսության ուղիղ եթերում: Նա ընդգծել է, որ ցանկանում է պատասխանել երկրի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի Լվովում արված այն հայտարարությանը, թե ռուսերենը չպետք է երկրորդ պետական լեզու դառնա Ուկրաինայում: «Իսկ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի ռուսերենը լինի երկրորդ պետական լեզու, եւ հենց դրանում է մեր տարբերությունը»,- ասել է Յանուկովիչը, ով ամենաբարձր վարկանիշն ունի նախագահի պոտենցիալ թեկնածուների շարքում;

Նա նշել է, որ ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու օրինագծի ընդունման համար անհրաժեշտ է 226 պատգամավորների համաձայնությունը, բայց միաժամանակ «անհրաժեշտ է, որ նախագահը ստորագրի այն այ այս ձեռքով»: Այդ պահին նա բարձրացրել է գրիչը բռնած իր աջ ձեռքը, ակնարկելով, որ հենց ինքն է դառնալու նախագահ:

Նշենք, որ Օդեսայի բնակչության մեծամասնությունը ռուսախոս է, իսկ ահա Լվովում ուժեղ են ուկրաինական գծի կողմնակիցները: Հիշեցնենք նաեւ, որ նախագահի ընտրություններն Ուկրաինայում տեղի են ունենալու 2010 թվականի հունվարի 17-ին: