2017 թվականից սկսած Հայաստանի քաղաքացիները կարող են օնլայն դիմումներ ներկայացնել երեխայի ծնունդի նպաստ նշանակելու մասին, նաեւ այն դեպքերում, երբ խոսքը երրորդ եւ հաջորդ երեխաների ծնունդի մասին է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը:

Նրա խոսքով՝ հանվել է մինչեւ 2 տարի երեխայի ծնունդի, մոր գործազրկության եւ խնամակալության նպաստ  ստանալու դիմումն անձամբ ներկայացնելու օրենսդրական պահանջը: «Սա կարեւոր ձեռքբերում է: Բանկերի հետ համագործակցության արդյունքում մեզ հաջողվել է դրամական վճարումների այդպիսի համակարգեր ներդնել, որոնց շնորհիվ քաղաքացիները կկարողանան իրենց գումարը բանկային համակարգով ստանալ, նույնիսկ եթե հաշվեհամար չունեն»,- նշեց Սաիյանը՝ հավելելով, որ 2016-ի վերջին օնլայն համակարգ է գործարկվել, որի միջոցով քաղաքացին կարող է epension.am կայքի օգնությամբ համապատասխան դիմում ներկայացնել եւ նպաստը բանկում ստանալ: