Դեկտեմբերի 12-ին Ազգային անվտանգության ծառայություն հրավիրված երգիչ, երգահան Վահան Արծրունին չի պատրաստվում լռել. Մարդու իրավունքների պաշտպանի` դեկտեմբերի 19-ին սպասվելիք պատասխանից հետո կներկայացնի իր հետագա քայլերը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երգահանը։
«Եթե պարզվի, որ ինձ ԱԱԾ հրավիրելով խախտվում են Հայաստանի քաղաքացու իրավունքները, դրան ուղղված քայլեր կձեռնարկեմ»,- ասաց նա` նշելով, որ անպայման քայլեր է ձեռնարկելու՝ Հայաստանում իր և առհասարակ մարդու իրավունքների պաշտպանվածության ուղղությամբ.
Երգահանի խոսքով` ինքը դիմել է ՄԻՊ, քանի որ չի հասկանում, թե ինչ կարգավիճակում է, արդյոք երկրի Սահմանադրության խախտում կամ քաղաքացու գործունեության սահմանափակում տեղի չի ունեցել. «Ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչ պատճառով են ինձ հրավիրել ԱԱԾ, այդ պատճառով էլ դիմել եմ ՄԻՊ, որ հասկանամ, թե ինչն է պատճառը։ Եթե ձեզ հրավիրեին ու հարցնեին ընտանիքից, եկամտի աղբյուրից, Խորենացու դեպքերում ներգրավված լինել-չլինելուց, դուք կհասկանայի՞ք, թե ձեզնից ինչ են ուզում։ Ես միայն հասկացա, որ սովորական քաղաքացիներս քաղաքական գործընթացում պարզապես դերակատար ենք»։
Հիշեցնենք, որ ԱԱԾ հրավիրվելուց հետո Վահան Արծրունին հայտնել էր, որ արգելափակվել է իր ֆեյսբուքյան էջը։ NEWS.am-ի թղթակցին երգահանը տեղեկացրեց, որ ֆեյսբուքյան էջի հետ կապված խնդիրները վերացվել են։
«Պարզվեց, որ խնդիր կար միայն Մշակույթի նախարարության էջից բեռնած ֆոտոշարքի և Առողջապահության նախարարի հայտարարության հղումները տեղադրելիս։ Ես իմ էջի կարգավորումները փոխեցի, այժմ ոչ մի արգելք չկա»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին երգիչ, երգահան Վահան Արծրունին հրավիրվել է ԱԱԾ, որտեղ նրան հարցեր է տրվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հետ կապերի, Խորենացի փողոցում ամռանն անցկացված բողոքի ակցիաներին մասնակցության, ապրելու միջոցների, ընտանիքի վերաբերյալ։ Արծրունին չի կարողացել պարզել, թե ինչ գործի շրջանակում է հրավիրվել ԱԱԾ. նրան ասել են, որ ուղղակի զրույց է:





























