Թերթն անդրադառնում է հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի «ձմերուկի մայրաքաղաք» Աստրախանում տեղի ունեցած երեք երկրների նախագահների հանդիպմանը եւ նշում որ «Մոսկվային հաջողվեց շարունակել «մեկ ձեռքով՝ երկու ձմերուկ» բռնելու իր քաղաքականությունը»:

«Այն փաստը, որ Աստրախանը դարձավ Կրեմլի կողմից Ղարաբաղի հարցում հստակորեն իրականացվող հետաձգվող հանգուցալուծման սցենարի գործադրման վայր, խորհրդանշական է նաեւ այն առումով, որ Ռուսաստանը հենց այդ քաղաքի միջոցով է իրականացնում իր կապը Կասպից ծովի ավազանի երկրների հետ, որոնցից Ադրբեջանն է հանդիսանում Միջին Ասիայից Եվրոպա տանող էներգակիրների արտահանման ուղիների հանգույցը:

Ուստի Ղարաբաղի հարցի հանգուցալուծումն արագացնելու պատրանք ստեղծելով՝ Մոսկվան փորձեց հետաձգել ՆԱԲՈՒԿԿՈ ծրագրի իրականացման գործում Ադրբեջանից Արեւմուտքի ակնկալած դրական պատասխանի ժամկետը, ինչպես նաեւ ամրապնդել 2010 թվականի օգոստոսի 22-ի հայ-ռուսական արձանագրությամբ նախատեսվող Հայաստանի տարածքում ռուսական ռազմական ներկայությունը:

Ներկա հանգրվանում հենց այս երկու խնդիրներն են առաջնահերթ Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության համար, որոնք չլուծելու պարագայում նա պատրաստ չի լինի ոչ խաղաղության, ոչ էլ պատերազմի սցենարներին:

Աստրախանում իր վրա վերցնելով սպանվածների դիակների ու գերիների փոխանակման հարցը տեղից շարժողի՝ հումանիտար առաքելությունը, բուն խնդիրը՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, Ռուսաստանը Աստրախանից տեղափոխեց Աստանա:

Իր ուսերից թոթափելով միանձնյա ու վերջնական պատասխանատվություն ստանձնելու գայթակղությունը, Ռուսաստանը իր նախագահի բերանով համոզմունք հայտնեց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում «լավ աշխատելու» պարագայում կողմերը կարող են հասնել կարգավորման սկզբունքների համաձայնեցմանը՝ միաժամանակ նշելով նրանց մոտեցումներում պահպանվող լուրջ տարաձայնությունները:

...Հարց է առաջանում. Կհաջողվի՞ միջազգային հանրությանը Աստանայում Հայաստանին ու Ադրբեջանին պարտադրել Մադրիդյան «ընդհանուր սկզբունքներն» ամրագրող կոնկրետ փաստաթղթի ստորագրումը, որի շուրջ կողմերի դիրքորոշումները շարունակում են մնալ հակադիր բեւեռներում»,- արձանագրում է թերթը: