«Այսօր առաջարկվում եւ քննարկվում են փոխզիջումային տարբերակներ, իսկ դա նշանակում է, որ դրանք չեն կարող 100 տոկոսով ձեռնտու լինել թե մեզ, թե Ադրբեջանին։ Սակայն սա գործընթաց է, այն շարունակվում է, եւ մենք ունենք նպատակին հասնելու բոլոր հնարավորությունները։ Դրա համար կան բոլոր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հիմքերը»։ Այս մասին, ԼՂՀ հռչակման 18-ամյակի կապակցությամբ տոնական միջոցառումների ընթացքում հայտնել է ԼՂՀ 2-րդ նախագահ, ներկայումս ՀՀ հատուկ հանձնարարությունների դեսպան Արկադի Ղուկասյանը։
Նա նշել է, որ «խուճապի մատնվելու պատճառ չի տեսնում»։ «Մենք ունեցել ենք դժվար եւ համեմատաբար թեթեւ օրեր։ Սակայն, ընդհանուր առմամբ, ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք եւ որոշակի մարտավարական փոփոխությունները դեռ չեն նշանակում ռազմավարական ճանապարհից շեղում»,-ընդգծել է Արկադի Ղուկասյանը։




























