Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, դռնփակ դատական նիստում քննել է ՀՔԾ միջնորդությունը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը որպես կալանք ընդունելու մասին:

Փաշինյանին դատարան էին բերել ժամը 15-ին: ՀՔԾ-ից նիստին մասնակցում էին քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն ու Վաղինակ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Փաշինյանը տակավին երեկ է ներկայացել դատախազություն, ապա նրան տեղափոխել էին ոստիկանության Կենտրոնի բաժին: Բաժնում ոստիկանները փորձել են ապօրինություն անել եւ ձեւակերպել, թե իրենք են բերման ենթարկել Նիկոլ Փաշինյանին, բայց պաշտպանական կողմի դիտողությունւից հետո ձեւակերպել են նրա ինքնակամ ներկայանալը: Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել քր.օր.-ի երեք հոդվածներով` զանգվածային անկարգություններ կազմակերպելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու , ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Փաշինյանին առաջադրված մեղադրանքների համար Քրեական օրենսգրքով նախատեսված ամենախիստ պատիժը 4-ից մինչեւ 10 տարվա ազատազրկումն է: Հունիսի 19-ին ԱԺ ընդունած համաներման մասին որոշման համաձայն` պատժից ազատվում են մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ առավելագույնը 5 տարվա ազատազրկման դատապարտվածները: Համաներումը չի կիրառվում մինչեւ Ազգային ժողովի որոշումն ընդունելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ` «բացառությամբ այն անձանց, որոնք մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը ներառյալ կամովին կներկայանան Հայաuտանի Հանրապետության իրավապահ մարմիններ, իuկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան»:

Փաշինյանի պաշտպանները միջնորդել են դատարանին նիստը հետաձգելու մասին՝ քր.գործի նյութերին ծանոթանալու համար, եւ դատավոր Էդիկ Ավետիսյանը հետաձգել է նիստը մինչեւ վաղը՝ ժամը 14.30-ը: Լրագրողներից մեկի հարցին, թե դատավորն ինչպես էր վերաբերվում Փաշինյանին, Աթանեսյանը պատասխանեց. «Դատավորն Էդիկ Ավետիսյանն էր: Նա իրեն նորմալ էր պահում, շատ պարկեշտ»: