Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մեկնաբանել է «լուժկովյան» եւ ամերիկահայ հանցախմբի ձերբակալության թեմաները Ռ. Քոչարյանի հետ կապելու փորձերը:
«Չնայած բազմաթիվ հերքումներին, առանձին լրատվամիջոցներ շարունակում են շահարկել «լուժկովյան» եւ ամերիկահայ հանցախմբի ձերբակալության թեմաները` դրանք փորձելով կապել ՀՀ նախորդ եւ ներկա իշխանությունների հետ»,- ասել է Վ. Սողոմոնյանը:
Լրագրողների խնդրանքին ի պատասխան` մեկնաբանել նման «հետեւողականությունը»` Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մասնավորաբար ասել է. «Մեր մամուլում որեւէ, նույնիսկ ակնհայտ ստահոդ լուր հերքելը կարծես թե դառնում է բոլորովին անիմաստ զբաղմունք: Թերթերից մեկը մի հիմարություն է հորինում, սկսում հետեւողականորեն անդրադառնալ դրան համարից համար, հետո այդ հիմարությունը արտատպում են առանձին լրատվական գործակալություններ (այդ թվում ու ցավոք սրտի` նաեւ հեղինակություն վայելող) եւ արծարծվող թեմային ամեն հերթական անդրադարձ կատարելիս պարտադիր կատարում համապատասխան «հիշեցում»: Արդյունքում այդ լուրը սկսում է «անմահանալ»` հերքումներին անհաղորդ»:
Այսուամենայնիվ, «հատուկ բթամիտների համար» Վ. Սողոմոնյանը եւս մեկ անգամ հայտարարել է. «Առաջին. Ռոբերտ Քոչարյանի եւ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի առնչությունները կրել են բացառապես պաշտոնական բնույթ: Որեւէ համատեղ բիզնես-ծրագիր նրանք երբեւէ չեն ունեցել եւ չունեն:
Երկրորդ. Արմեն Ղազարյան անունով եւ «Պզո» մականունով անձնավորությունը Քոչարյանների ընտանիքի հետ երբեք որեւէ առնչություն չի ունեցել»:





























