Այսօր` հոկտեմբերի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անրի Ռենոյին`  հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանը, շնորհավորելով դեսպան Ռենոյին նշանակման կապակցությամբ` նշել է, որ այսօր Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա` թե քաղաքական, թե տնտեսական եւ թե հումանիտար համագործակցության ոլորտներում եւ հույս է հայտնել, որ դեսպան Ռենոն իր կարեւոր ներդրումը կունենա հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում:

Դեսպան Ռենոն, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` ընդգծել է, որ Ֆրանսիայում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում հայ ժողովրդին եւ Հայաստանին եւ հատուկ կարեւորություն են տալիս հարաբերությունների զարգացմանը երկու երկրների միջեւ: Նա վստահեցրել է, որ կանի առավելագույնը տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը առավել խորացնելու եւ ընդլայնելու համար:

Էդվարդ Նալբանդյանն ու Անրի Ռենոն մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ: