«Դ-Լինք» ընկերության տարածաշրջանային տնօրեն Վլադիմիր Լիպինգն այսօր` հոկտեմբերի 29-ին DigiTec Expo 2010 ցուցահանդեսի բացման ժամանակ ունեցած ելույթում բարձր գնահատեց Հայաստանի պոտենցիալը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։  Նրա խոսքով՝ Հայաստանն արդեն իսկ տպավորիչ հաջողությունների է հասել ՏՏ զարգացման հարցում, ինչը նպաստող գործոն է, որ «Դ-Լինքը» ներդրումներ կատարի այստեղ։

Հիշեցնենք, որ Թայվանում 1986 թ. հիմնված D-Link ընկերությունը մշակում եւ արտադրում է ցանցային եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաներ։ Ընկերությունը ներկայացված է աշխարհի 100 երկրներում, տարեկան շրջանառությունը գերազանցում է 1 մլրդ դոլարը։ Երեւանը հանդիսանում է «Դ-Լինքի» տարածաշրջանային կենտրոնը։