«Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը դժգոհ է իրենց հանդեպ Հայաստանի ԱԳՆ անտարբեր վերաբերմունքից. «Երեւան գալով՝ հույս ունեինք մի բաժակ թեյ կամ սուրճ խմել ՀՀ արտգործնախարարությունում, երկխոսություն ծավալել, սակայն այդպես չեղավ»,- ափսոսանք հայտնեց Բեքլեւիչը՝ միաժամանակ ակնարկելով, որ իր այդ «բացը» արտգործնախարարությունը կարող է շտկել մինչեւ վաղը առավոտ՝ քանի դեռ իրենք Հայաստանում են։
«Երեկ Հայաստանի ԱԳՆ-ի՝ մեր այցի վերաբերյալ տարածած հայտարարությունից մեր սրտերը կոտրվեցին, մենք բավականին տխրեցինք։ Մենք արդեն 3-րդ անգամ ենք այստեղ, եկել ենք սահմանի բացման եւ երկու ժողովուրդների հարաբերությունների ամրապնդման համար։ Սա մի հասարակական ջանք է։ Մեզ այստեղ ոչ թուրքական կառավարությունն է ուղարկել, ոչ էլ հայկական կառավարությունն է հրավիրել։ Մենք ոչ թուրք, ոչ էլ հայկական կառավարությանը լսել պարտավոր չենք։ Մեր այցը դիտարկում ենք իբրեւ հայ եւ թուրք երիտասարդների համատեղ ջանք։ Սա խաղաղության եւ բարեկամության այց է»,- ասաց Բեքլեւիչը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ մի օր իրենց բախտ կվիճակվի միեւնույն սեղանի շուրջ նստել հայաստանյան իշխանությունների հետ եւ նրանց մի-մի բաժակ սուճ կամ թեյ հյուրասիրել։
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը՝ «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահը նկատեց, որ իրենք մի տարի է, ինչ աշխատում են այդ ուղղությամբ։ «Մենք պաշտպանում ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փակ սահմանի բացման գաղափարը, եւ հասկանում ենք, որ դրա համար պետք է կամք ցուցաբերել։ Մենք կիսում ենք երկու կողմերի վշտերը։ Մենք գտնում ենք, որ երկու երկրների միջեւ սահմանի բացումը միայն եւ միայն Հայաստանի եւ Թուրքիայի գործն է, եւ այս հարցին արտաքին ոչ մի ուժ չպետք է խառնվի»,- համոզմունք հայտնեց Բեքլեւիչը՝ խոստանալով Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչներից մեկնումեկի հետ հանդիպման արդյունքներն ու տրամադրությունները փոխանցել թուրքական կառավարությանը՝ միայն թե այդպիսի հանդիպում տեղի ունենա։
«Մեր կուսակցությունը, որ Թուրքիայում 3-4 տոկոս ձայների ուժ ունի, դժգոհ է հայ-թուրքական բանակցությունների ներկայիս ընթացքից։ Բայց ինչքան էլ դժվար լինի, սահմանի բացման հարցում մենք հետեւողական ենք լինելու»,- նշեց Բեքլեւիչը։
Կուսակցության փոխնախագահ Բայբարս Օրսեքն իր հերթին ավելացրեց, որ «Հզոր Թուրքիան» հայ-թուրքական սահմանը ցանկանում է բաց տեսնել առանց նախապայմանների։ «Առաջինը պետք է բացվի փակ սահմանը, իսկ հետո քննարվեն եւ լուծվեն մնացած բոլոր հարցերը»,- ասաց նա։
Ամփոփելով՝ Թունա Բեքլեւիչը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն, ուզած, թե չուզած, պետք է ընդունի իրենց։





























