«Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է նախագահ Սերժ Սարգսյանի վստահության հանրաքվե անցկացնել: Այդ մասին «Հայացք» ակումբում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Պատգամավորը կուսակցության դիրքորոշումը բացատրել է նրանով, որ Սերժ Սարգսյանը, 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ «որեւէ ձեւով չէր բարձրաձայնել հայ-թուրքական հարաբերությունները նման արագությամբ լուծելու մասին»: «Կարծում եմ՝ հանրաքվեն պահանջված գործիք է, եւ քանի որ նման լուրջ հարցի մասին է խոսքը գնում, հանրաքվեի հարցը պետք է դրվի: Հայաստանի արտաքին քաղաքականության համար պատասխանատվություն է կրում նախագահը»,- նշեց Մարտիրոսյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ կուսակցությունը դիմելու է Սահմանադրական դատարան` «ՀՀ Սահմանադրության տառին եւ ոգուն, այդ թվում` պրեամբուլայում ամրագրված նպատակներին նախաստորագրված արձանագրությունների համապատասխանությունը քննելու պահանջով»: