Հայաստանը չի խախտել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանին: Ադրբեջանական կողմի հայտարարությունները հերթական ապատեղեկատվություն են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով ադրբեջանցի զինծառայող է զոհվել:

«Հավաստիացնում եմ, որ մեր կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ չեն եղել, ի տարբերություն ադրբեջանական կողմի, որը օրերս Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հայ զինծառայող էր սպանել»,- նշեց Կարապետյանը:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե իբր Ղազախի շրջանի հատվածում հոկտեմբերի 28-ին հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել է 19-ամյա Թելման Էլմանօղլի Մուստաֆաեւը: Մուստաֆաեւը ժամկետային զինծառայության էր զորակոչվել Սալյանի շրջանից՝ 2010թ, հունվարին: