Որոշ գործիչների կողմից հայտարարությունը, թե ԼՂՀ-ն երբեք չի խնդրել Հայաստանին ճանաչել իր անկախությունը, մեծ մարտահրավեր է ե՜ւ Հայաստանի, ե՜ւ Ղարաբաղի, ե՜ւ ողջ հայության համար: Այսօր` հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է  «Ժառանգությունը» նախաձեռնել ԼՂՀ ճանչման օրինագիծ, եթե ԼՂՀ-ն նման դիմումով չի դիմել Հայաստանին, ընդդիմադիր գործիչը  հիշեցրեց, որ ԼՂ-ում 1991-ի անկախության հանրաքվեից անմիջապես հետո ԼՂՀ իշխանությունները դիմել են աշխարհի բոլոր երկրներին, խնդրելով ճաանաչել իրենց անկախությունը:

«Եթե դրանից հետո ԼՂՀ իշխանությունները փոխել են իրենց  դիրքորոշումը, դա պետք է ասի Արցախի նախագահը, ոչ թե ինչ-որ մի պատգամավոր (խոսքը Հայաստանի ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանի մասին է. խմբ.): Նման բան հայտարարելը մեծ մարտահրավեր է ողջ հայությանը եւ նման բան հայտարարելուց առաջ պետք է շատ երկար մտածել ու շատ զգույշ լինել»,- ասաց Ր. Հովհաննիսյանն ու հավելեց. «Ժառանգությունն» ամեն ինչ արեց, որպեսզի այս հարցը մտնի խորհրդարանի մեծ օրակարգ եւ պահել մեծ օրակարգում: Հիմա մենք որոշեցինք սպասել մինչեւ ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողով, որպեսզի մեր պատվիրակներն այնտեղ ճկուն լինեն, ինչպես իօրենք են ասում, բայց դրանից հետո հարցը քվեարկվելու է»:

Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե ԼՂՀ ճանաչման մասին օրինագծի նախաձեռնումը ուղղորդված է դրսից, Հովհաննիսյանն արձագանքեց. «Եթե դրսում կան ուժեր, որոնք ուզում են անկախ ու ինքնիշխան տեսնել ԼՂՀ-ն, մենք պետք է գնահատենք, որ դրսում ունենք նման նեցուկ»: