Հոկտեմբերի 29-ին  Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն  ընդունել է  Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեյի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Երեանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Ողջունելով հյուրերին` Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ է համարել Կանադայի հետ հարաբերությունների խորացումը, միջխորհրդարանական կապերի ակտիվացումը  եւ որպես ԱԺ նախագահ պատրաստակամություն հայտնել աջակցել  խթանելու փոխգործակցությունը տարբեր ուղղություններով:

Նա  կարեւոր քայլ է համարել  Երեւանի ու Մոնրեալի միջեւ առկա ջերմ հարաբերությունները: ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ քույր քաղաքների միջեւ հաստատված փոխգործակցությունը  իր ուրույն դերակատարությունը կունենա երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացմանը:  

Մոնրեալի քաղաքապետն, իր հերթին, կարեւորել է երկկողմ շփումների ակտիվացումը, մշակութային եւ կրոնական զբոսաշրջության զարգացումը, տնտեսական փոխգործակցությունը, ինչը կարող է մեծապես նպաստել երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:

Պարոն Թրեմբլեյը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Կանադա պաշտոնական այց կատարելու Կանադայի խորհրդարանի նախագահի հրավերը: