Էյֆելյան աշտարակն անձնակազմի հնգօրյա գործադուլից հետո կիրակի կրկին կբացվի զբոսաշրջիկների համար: Այս մասին գրում է AP գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի խոշորագույն արհմիության՝ «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի» (CGT) աղբյուրին:

Գործակալության տվյալներով՝ աշտարակը սպասարկող անձնակազմը որոշել է վերականգնել աշխատանքը, Էյֆելյան աշտարակը կառավարող ընկերությունը հաստատել է տեղեկությունը:

Աշտարակի անձնակազմը շուրջ 300 մարդուց է բաղկացած, որոնցից 200-ը շաբաթվա սկզբին ղեկավարությանը բաց նամակ էր ուղղել՝ նշելով «սոցիալական երկխոսության բացակայության» եւ «աշտարակի շահագործման հետ կապված նախագծերի թափանցիկության անհրաժեշտության» մասին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ անձնակազմը դժգոհ է նաեւ ֆինանսական հարցերից:

Էյֆելյան աշտարակը Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշերից է եւ աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից: Տարեկան այն շուրջ վեց միլիոն այցելու է ունենում: