ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը դատարան է ուղարկել 2008թ. մարտի 1-ին քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառելու համար 4 ոստիկանների վերաբերյալ քրեական գործերը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավարտվել է 2008 թվականի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում, ինչպես նաեւ Մաշտոցի պողոտայում՝ շուկայի մոտ, քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 4 ոստիկանների մասով նախաքննությունը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2008 թվականի մարտի 1-ին՝ առավոտյան, Հանրապետության հրապարակում քաղաքացու նկատմամբ բռնություններ կիրառելու, հատուկ միջոց հանդիսացող ռետինե մահակներով հարվածներ հասցնելու համար ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկաններ Գ.Հարությունյանին եւ Հ.Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկաններ Ա.Մանուկյանին եւ Գ.Գրիգորյանին մեղադրանքներ են առաջադրվել Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ 2 քաղաքացու նկատմամբ բռնություններ գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործերն ուղարկվել են Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:
Քրեական գործին կցվել են ոստիկաններին մեղադրանք առաջադրելու հիմք հանդիսացած տեսագրությունները, որոնք ՀՔԾ-ին է ուղարկել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, ինչպես նաեւ Հանրապետության հրապարակում քաղաքացու նկատմամբ կատարված բռնություններին նախորդած իրադարձություններն արտացոլող տեսագրությունը, որը նախաքննական մարմնին է տրամադրել մի քաղաքացի, ում նկատմամբ, սահմանված կարգով պաշտպանության միջոցներ են կիրառվել:
Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում 10 օր խաղաղ հանրահավաք անող ցուցարարներին, իսկ երեկոյան զենք կիրառեց ցուցարարների նկատմամբ: Արդյունքում 10 մարդ զոհվեց, մի քանի հարյուրը՝ վնասվածքներ ստացան: Զոհերի մահվան հանգամանքներն ու մեղավորներն առ այսօր բացահայտված չեն:



















