Հայաստանի իշխանությունները բացարձակապես ցանկություն չունեն իրականացնել օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների պահանջը եւ ներքաղաքական խորհրդակցություններ սկսել հանրության ու քաղաքական ուժերի հետ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգության» պատգամավորն իր նկատառումը բացատրել է հանգամանքով, որ ընդդիմադիր գործիչների ասուլիսները հայաստանյան հեռուստաընկերությունները չեն լուսաբանում: Ի դեպ, Մարտիրոսյանի ասուլիսին էլ որեւէ հեռուստաընկերության օպերատոր չէր եկել:
Հիշեցնենք, օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները հանդես էին եկել մամուլի հաղորդագրությամբ, որի համաձայն Հայաստանի եւ Թուրքիայի Հանրապետությունները՝ Շվեյցարիայի միջնորդությամբ, համաձայնել են սկսել ներքաղաքական խորհրդակցություններ հրապարակված բանակցային երկու արձանագրությունների շուրջ։ Դրանք «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններն են:



















