Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 29-ին ընդունել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեյի գլխավորած պատվիրակությանը։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը բարձր է գնահատել Երեւանի եւ Մոնրեալի միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները:
Մոնրեալի քաղաքապետն ընդգծել է կանադահայ համայնքի կարեւոր ներդրումն ու դերը երկու երկրների միջեւ փոխգործակցության ընդլայնման գործում:
Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, կարեւորվել է աղբահանության, ձյան մաքրման աշխատանքների ու տրանսպորտային հաղորդակցության արդյունավետ կազմակերպման Մոնրեալի քաղաքապետարանի փորձի կիրառումը եւ վերջինիս աջակցությամբ Երեւանում բնապահպանական կենտրոնի ստեղծումը Մոնրեալի Սեն Միշելի բնապահպանական կենտրոնի օրինակով։ Որպես գործակցության հեռանկարային ուղղություններ` անհրաժեշտ է համարվել կրոնական եւ մշակութային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը:
Կողմերը գոհունակությամբ են խոսել Ֆրանկոֆոն քաղաքների քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 2011թ. 31-րդ գագաթնաժողովը Երեւանում անցկացնելու մասին։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այդ գագաթնաժողովի շրջանակներում Մոնրեալի քաղաքապետը Երեւանում հանդես կգա դասախոսությամբ։




























