Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված եւ օգոստոսի 31-ին հրապարակված արձանագրություններում երեք բավական մտահոգիչ կետ կա: Այդ մասին «Հայացք» ակումբում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս նկատել է, թե նախաստորագրված փաստաթղթերում դրական տեղաշարժ կա, բայց «այնքան չնչին, որ բացասականի հետ համեմատել չի կարելի»:
Իսկ մտահոգիչ կետերը, ըստ Մարտիրոսյանի, երեքն են.
ա) այդ արձանագրություններով ճանաչվում է Թուրքիայի սահմանը, այսինքն վավերացվում է Ղարսի պայմանագիրը, եւ որքան էլ հայաստանյան պաշտոնյաները փորձեն հակառակը համոզել, չի ստացվի:
բ) ստեղծվում է պատմաբանների կառավարական ենթահանձնաժողով՝ ցեղասպանության հարցի ուսումնասիրման համար: Ընդ որում, անունն ինչ էլ դրվի, միեւնույն է, խնդիրը դրանից չի փոխվի: Ըստ Արմեն Մարտիրոսյանի, հանձնաժողովը ստեղծվում է պատմական կնճիռները քննելու, իսկ հայերի եւ թուրքերի միջեւ ավելի լուրջ պատմական խնդիր, քան ցեղասպանությունն է, չկա:
գ) արձանագրություններում մտահոգիչ է նաեւ այլ պետություների տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը հարգելու դրույթը, որը, ըստ պատգամավորի, վերաբերում է միանշանակ Ադրբեջանին:
Հիշեցնենք, օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները հանդես էին եկել մամուլի հաղորդագրությամբ, որի համաձայն Հայաստանի եւ Թուրքիայի Հանրապետությունները՝ Շվեյցարիայի միջնորդությամբ, համաձայնել են սկսել ներքաղաքական խորհրդակցություններ հրապարակված բանակցային երկու արձանագրությունների շուրջ։ Դրանք «Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններն են:




























