Հոկտեմբերի 28-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունել է Հայաստանում Հունգարիայի դեսպան Գաբոր Շագիին (նստավայրը` Թբիլիսի):
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկկողմ հարաբերություններում առկա մակարդակը` շեշտելով գոյություն ունեցող ներուժը խթանելու անհրաժեշտությունը:
Դեսպան Շագին տեղեկացրել է, որ մինչեւ ընթացիկ տարվա ավարտը նախատեսվում է Հունգարիայի վարչապետի տարածաշրջանային աշխատանքային այցը Հայաստան, ինչը հնարավորություն կընձեռի նոր լիցք հաղորդելու երկու երկրների միջեւ քաղաքական եւ տնտեսական համագործակցությանը, ինչպես նաեւ` նախքան ԵՄ-ում Հունգարիայի նախագահության սկիզբը՝ անդրադառնալ նախագահության ընթացքում Հունգարիայի առաջնահերթություններին:
2011 թ. հունվարից Հունգարիայի ԵՄ նախագահությունը ստանձնելու առնչությամբ փոխնախարար Ղազինյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացը եւ ՀՀ մոտեցումները, շեշտել Հայաստան-ԵՄ համագործակցությունն ավելի ընդլայնելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը: Նկատի ունենալով, որ հունգարական նախագահության ընթացքում 2011 թ. մայիսին Բուդապեշտում նախատեսվում է Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, Ղազինյանը կարեւորել է նաեւ դրա օրակարգում գործընկեր երկրների համար կարեւորություն ներկայացնող հարցերի ընդգրկումը, մասնավորապես` ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրերի ստացման գործընթացի դյուրացման հարցը:




























