Հոկտեմբերի 28-ին Երեւանում կայացել են հայ-խորվաթական երկկողմ քաղաքական խորհրդակցություններ` արտաքին քաղաքական գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մակարդակով:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետը, խորվաթական կողմից Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հարցերով գլխավոր տնօրենը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է ՀՀ նախագահի 2009թ. սեպտեմբերին Խորվաթիա կատարած այցի ընթացքում Խորվաթիայի նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ է կատարվել առեւտրատնտեսական կապերի խրախուսմանն ուղղված համատեղ քայլերին եւ ծրագրերին, մշակութային կապերի ակտիվացման հնարավորություններին: Համաձայնություն է ձեռք բերվել կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման ուղղությամբ:
Խորվաթ դիվանագետը ներկայացրել է ԵՄ-ին Խորվաթիայի անդամակցության ընթացիկ գործընթացը` առաջարկելով կիրառել Խորվաթիայի կուտակած հարուստ փորձը, որը կարող է օգտակար լինել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման համաձայնագրի համատեքստում: Խորվաթական կողմին ներկայացվեց ՀՀ-ԵՄ համագործակցության ընթացքը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերին. հյուրի խնդրանքով ներկայացվել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի մոտեցումները:
Խորվաթական կողմն առաջարկել է խորհրդակցությունների հաջորդ փուլն անցկացնել Զագրեբում:
Խորհրդակցությունների ավարտից հետո խորվաթական պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, ով հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական ուղղությունները, ԵՄ-ի հետ Ասոցացման բանակցությունների ընթացքը:




























