Ադրբեջանական քաղաքականության նպատակը լրատվական գործակալությունների օրակարգում ոչ միայն ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցի, այլեւ հրադադարի ռեժիմի խախտումների մասին լրահոսի ապահովումն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը` մեկնաբանելով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արձանագրվող բազմաթիվ դեպքերը:
«Ադրբեջանին անհրաժեշտ է լրահոս ապահովել տարածաշրջանից ստացվող ռազմական բնույթի տեղեկատվությամբ, որի նպատակը ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը խոչընդոտելը, հնարավոր դիվերսիաների համար հող նախապատրաստելը, ինչպես նաեւ հետագայում իր ստանձնած պարտավորություններից հրաժարվելու համար հնարավորության ստեղծումն է»,- նշել է Նռանյանը:
Պատգամավորի կարծիքով, ակնհայտ է, որ ադրբեջանցիներն այդ շարունակական ուղենիշն ընտրել են կոնկրետ նպատակով` խոչընդոտել խնդրի խաղաղ կարգավորմանը եւ միջազգային հանրության հետ կարծիք ձեւավորել, թե խոսքը գնում է ոչ թե ԼՂՀ-ի կարգավիճակը չճանաչելու, այլ տարածաշրջանում ռազմական հակամարտության մասին. «Նրանք ուզում են հարցը տեղափոխել ռազմական եւ էթնիկ հակամարտության հարթություն, նաեւ նվազեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քաղաքականության դերը Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում: Ես կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահները դա հիանալի գիտակցում են»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ադրբեջանական կողմը ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին շրջանում մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին, Աստրախանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի շրջանակներում Երեւանն ու Բաքուն պայմանավորվածություն ձեռք բերեցին ռազմագերիների եւ զոհվածների մարմինների փոխանակման շուրջ:





























