Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի վրացագիտական կենտրոնը պատրաստ է սկսել իր գործունեությունը. 20 հոգուց բաղկացած խումբը հունիս ամսից արդեն իսկ հավաքված է, լսարանը՝ տրամադրված, մնում է միայն վրացի մասնագետը ժամանի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի Արեւելյան լեզուների ամբիոնի վարիչ Արթուր Իսրայելյանը։

«Բոլոր քսանն էլ մեր համալսարանի ուսանողներ են, բայց սա չի նշանակում, որ կուրսերը միայն մեր ուսանողների համար են։ Դրանցում կարող են ներգրավվել ինչպես հայաստանյան բուհերում պետպատվերի շրջանակում սովորող ջավախահայերը, այնպես էլ այլ ցանկացողներ»,- տեղեկացրեց նա՝ դժվարանալով, սակայն, ճշգրիտ նշել, թե վճարովի՞ է լինելու կենտրոնում ուսանելը։

Արթուր Իսրայելյանը հատկանշական համարեց, որ վրացագիտական կենտրոնում հնարավոր է լինելու ոչ միայն վրացերեն սովորել, այլ նաեւ ուսուցանվելու են վրացական մշակույթ եւ պատմություն։

«Հայաստանի եւ Վրաստանի կրթության նախարարների նախնական պայմանավորվածության համաձայն՝ սկզբնական շրջանում  կենտրոնում  կաշխատի միայն մեկ մասնագետ, հետագայում նրանց թիվը կավելանա։ Տեխնիկական պատճառներով այդ մասնագետը դեռեւս չի ժամանել Հայաստան, սակայն ամենայն հավանականությամբ նա այստեղ կլինի նոյեմբերի վերջին եւ պարապմունքները նորմալ հունով կընթանան»,- հույս հայտնեց լեզվագիտական համալսարանի Արեւելյան լեզուների ամբիոնի վարիչը։

Ամփոփելով՝ Իսրայելյանը նաեւ տեղեկացրեց, որ կենտրոնը համապատասխան գրականություն ստանալու է Վրաստանից, իսկ դասախոսի անվճար կեցությունը հոգալու է հայկական կողմը։

Նշենք, որ Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում վրացագիտական կենտրոնը բացվել է Հայաստանի եւ Վրաստանի ԿԳ նախարարներ Արմեն Աշոտյանի եւ Ալեքսանդր Շաշկինի՝ հոկտեմբերի 14-16-ին կայացած երեւանյան հանդիպումների շրջանակներում։