iCON ընկերությունն արդեն նոյեմբերի վերջից նոր ծառայություն կառաջարկի, որը հնարավորություն կտա ինտերնետի միջոցով դիտել ցանկացած միջոցառում՝ հարսանիք, կնունք, ծնունդ, ճանապարհատրանսպորտային երթեւեկություն, մեծամաշտաբ համերգ կամ ցուցահանդես: Խոսքը գնում է այն մասին, որ քաղաքացիները կարող են նկարահանել ցանկացած միջոցառում եւ այդ ծառայության միջոցով այն Online ռեժիմով ցուցադրել ինտերնետում:

Ընկերության այս նոր ծառայությունը ներկայացված է հոկտեմբերի 29-31-ը Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող DigiTec Expo 2010 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին։

iCON ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նոր՝  iCON livestream ծառայությունը հիմնված է համաշխարհային չափանիշներով գործող անլար ինտերնետ տեխնոլոգիաների վրա։

«Նոր ծառայությունը  հնարավոր կլինի անլար ինտերնետ տեխնոլոգիայի միջոցով մատուցել վիդեո եւ աուդիո ֆայլերի կենդանի հոսք Երեւանի գրեթե ամբողջ տարածքում։ Այսինքն՝ հնարավոր կլինի շնորհանդեսների, կոնֆերսանսների եւ այլ հատուկ գործարար բնույթի իրադարձությունների հեռարձակում իրականացնել, ինչպես նաեւ համերգների, սպորտային իրադարձությունների եւ հատուկ արարողությունների օնլայն հեռարձակում իրականացնել»,-ասաց Ր. Քասարջյանը։ Նրա խոսքով՝ ծառայությունը կներառի բոլոր անհրաժեշտ սարքավորումների վարձակալություն՝ ներառյալ տեսախցիկներ, հատուկ սարքավորումներ եւ ծրագրեր, տվյալների փոխանցման կապ։

Րաֆֆի Քասարջյանի ներկայացմամբ, այս ծառայության միջոցով կարելի է օրինակ Թումանյան փողոցում տեսախցիկ տեղադրել եւ ինտերնետով վերահսկել երթեւեկությունը, կամ դպրոցներում ընթացող դասերը օնլայն ռեժիմով տեսնել։ Նա հավելեց, որ այս ծառայությունն արժե շուրջ 30-40 հազար դրամ: