«Մոզիլլա Հայաստան» թիմը՝ շուրջ 10 հայ երիտասարդներ, ամռան ամիսներից կամավորական հիմունքներով սկսել են Firefox 4-ի հայաֆիկացման աշխատանքները։ Թիմի նպատակն է հայաֆիկացնել «Մոզիլլա» ոչ առեւտրային կազմակերպության արտադրած ծրագրերը եւ դրանք հասանելի դարձնել հայերենով։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Mozilla Foundation-ի աշխատակից Ռոբերտ Սարգսյանը, ով հանդիսանում է նաեւ «Մոզիլլա Հայաստան» թիմի ղեկավարներից մեկը։
Ռ. Սարգսյանի խոսքով՝ Firefox 4 ծրագրի հայաֆիկացման գործընթացը գտնվում է վերջին փորձարկումների շրջանում:
«Հայաֆիկացման աշխատանքները կատարվում են «Մոզիլլա Ֆաունդեյշնի» մասնագետների հետ համատեղ, ձգտելով հայերեն տարբերակը դարձնել «Մոզիլլայի» պաշտոնական արտադրանք եւ այն ներգրավել «Ֆայրֆոքսի» պաշտոնական կայքում»,- ասաց Ռ. Սարգսյանը՝ ավելացնելով, որ Firefox 4-ի հայերեն տարբերակն արդեն դեկտեմբերից հնարավոր կլինի անվճար ներբեռնել Firefox –ի պաշտոնական կայքից՝ www.firefox.com-ից։ Իսկ մինչ այդ ծրագրի փորձնական հայերեն տարբերակը հասանելի է www.mozilla.am ինտերնետային կայքում։
Ի դեպ, «Մոզիլլա Հայաստան» թիմն իր նորամուծությունը ցուցադրում է Երեւանում ընթացող DigiTec Expo 2010 ցուցահանդեսում։




























