Իրաքի նախկին փոխվարչապետ Թարիք Ազիզը, ով դատապարտված է մահապատժի, հացադուլ է սկսել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նրա հետ միասին հացադուլ են հայտարարել նաեւ 25 այլ բանտարկյալներ։
Իրաքցի նախկին չինովնիկի որդին հայտնել է լրագրողներին, որ իր հայրը նման որոշում կայացրել է, երբ իմացել է, որ չի կարող տեսակցել իր հարազատների հետ։ Ինչպես պնդում է Զաիդ Ազիզը, նրա ծանր հիվանդ հայրը հանդիպման պետք է սպասի մինչեւ նոյեմբերի վերջ, որպեսզի նրան դեղեր փոխանցեն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 26-ին իրաքյան տրիբունալը Ազիզին մահապատժի էր դատապարտել։ Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել 1982 թվականին իրաքյան շիաների հետ հաշվեհարդար տեսնելու մեջ։ 2009 թվականին դատարանը նրան հասցրել էր դատապարտել 7 տարվա ազատազրկման՝ 1980-ականներին քրդերին բռնությամբ վտարելու համար։ Նախկին փոխվարչապետի հարազատները եւ փաստաբանը մեկ անգամ չէ, որ դատարանից խնդրել են ազատ արձակել վատառողջ Ազիզին։ Ազիզը տառապում է թոքերի հիվանդությամբ, շաքարախտով եւ զարկերակային բարձր ճնշմամբ, լուրջ խնդիրներ ունի սրտի հետ։ 2010 թվականին նա կաթված է տարել, ինչի արդյունքում ժամանակավորապես կորցրել է խոսելու կարողությունը։
Նշենք, որ Ազիզին մահապատժի չենթարկելու կոչով հանդես են եկել Ռուսաստանի ԱԳՆ-ն, ՄԱԿ-ը, Եվրամիությունը եւ Վատիկանը։





























