«Հայոց աշխարհ» թերթն անդրադարձել է նոյեմբերի 12-16-ը Վարշավայում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի լիագումար 56-րդ նստաշրջանում Արցախի հիմնախնդրի վերաբերյալ հնարավոր բանաձեւի ընդունմանը:
«Ըստ մամուլի հրապարակումների, ՆԱՏՕ-ի ԽՎ քննարկմանը ներկայացվելիք այդ բանաձեւի նախագծի 2-րդ կետում նշված է. «ընդունելով, որ ԼՂ կարգավիճակի վերաբերյալ կոնֆլիկտը եւ ԼՂ հարակից 7 շրջանների օկուպացիան պատճառել է նշանակալի տառապանքներ տարածաշրջանի ժողովրդին...»: Հարկավ «ԼՂ հարակից 7 շրջանների օկուպացիան» ձեւակերպումը խնդրահարույց է, բայց ի՞նչ ենք ակնկալում, որ գրվի անգլերեն շարադրված փաստաթղթում, երբ դրա հեղինակը նկարագրում է տվյալ տարածքների զբաղեցված լինելը: Ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը կամ մեկ այլ միջազգային կառույց, այդ շրջաները հիշատակի որպես ազատագրվա՞ծ, վիճելի՞, թե՞ չեզոք: Մյուս կողմից, այստեղ շատ ավելի կարեւոր է այլ հարց: Մյուս կողմից` դիտարկվող բանաձեւի նախագծի հենց այդ հատվածում հնարավորինս ճշգրիտ է տրվում հակամարտության բովանդակային բնութագրումը` «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ կոնֆլիկտ»: Բանաձեւի նախագծում սահմանվում է, որ հակամարտությունը Արցախի կարգավիճակի շուրջ է, այլ ոչ թե տարածքների կամ մեկ այլ պատճառով:
Շատ ավելի ուշագրավ են նույն բանաձեւի նախագծի հիմնական` 5-րդ, 6-րդ ամփոփիչ կետերը: «5. Կոչ է անում ՆԱՏՕ-ի անդամ կառավարություններին եւ խորհրդարաններին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպես միջազգային մարմին, որի լիազորությունների շրջանակում է` գտնել քաղաքական լուծում ԼՂ կոնֆլիկտի վերաբերյալ, եւ աջակցել կոնֆլիկտի կողմերին` գտնելու խաղաղ կարգավորում»:





























