Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարարդոնան այս նշում է 50-ամյա հոբելյանը: Մեծ տոնախմբություն չի սպասում: Մարադոնան ծննդյան օրը նշելու է ընտանիքի եւ ընկերների հետ:
20-րդ դարի մեծագույն ֆուտբոլային աստղն արդեն ընդամենը ֆուտբոլիստ չէ: 1986-ի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Անգլիայի դարպասը ձեռքով խփած գնդակը նրան դարձրեց լեգենդ: Մարադոնան հետո կհայտարարի, որ դա աստծո ձեռքն էր: Ենթատեքստը ամենեւին ֆուտբոլային չէր: Արգենտինան Մեծ Բրիտանիային տանուլ էր տվել Ֆոլկլենդյան կղզիների համար պատերազմը եւ խաղադաշտում ազգային արժանապատվության խնդիր էր լուծվում: Այդ հաղթանակից հետո Մարադոնան ընդմիշտ ազգի հերոսն է: Հայրենիքում նույնիսկ Մարադոնայի պաշտամունք սկսվեց, եկեղեցի կառուցվեց:
Ունենալով բացառիկ տեխնիկա` Մարադոնան ֆուտբոլը դարձրեց արվեստ: Նրա գոլերը ինտերնետային դիտման առաջատար են նաեւ այսօր: Իսկ ֆուտբոլի արքայի տիտղոսի հարցը Պելեի եւ Մարադոնայի միջեւ չունի պատասխան:





























