Անշարժ գույքի ոլորտում Թրամփի Trump Organization ընկերությունը վերջերս հայտնել է, որ խզում է Բաքվի, Բաթումի ու հնարավոր է նաեւ Թբիլիսիի շինարարական համալիրների հետ արտոնագրային համաձայնագրերը։ Տեսաբանների կարծիքով, տվյալ որոշումը բացատրվում է այդ նախագծերի շրջանակում ստեղծվող շահերի բախումի վերաբերյալ Թրամփի երդմնակալությունից հետո հնարավոր քննադատություններից խուսափելու ցանկությամբ, գրում է ամերիկյան EurasiaNet պարբերականը։
Թրամփի անունը կրող նախագծերը կարևոր էին Ադրբեջանի ու Սահակաշվիլու ղեկավարած նախորդ վրացական կառավարության համար։ Նախագահական ընտրություններում Թրամփի անսպասելի հաղթանակից հետո այդ փառասեր նախագծերը ավելի կարեւոր դարձան, մանավանդ հաշվի առնելով, որ Թրամփը հակված է աշխարհին նայել իր ընդարձակ բիզնես կայսրության պրիզմայով։
Իսկ այդ նախագծերի չեղարկումը բնականաբար կհարվածի այդ երկրների չինովնիկների հույսերին ու ծրագրերին, որոնք հույս ունեին, որ Թրամփի բիզնես շահերի միջոցով կկարողանան շատ դռներ բացել Վաշինգթոնում։ Բաթումիի նոր նախագծի մասին հայտնել էին 2012-ին, երբ Թրամփը Վրաստան էր այցելել, այդ նախագիծն անվանել էին Թրամփի «ներդրումը» երկրի տնտեսության մեջ։ Բայց դա այդքան էլ այդպես չէր՝ շենքերը պետք է կառուցեր Թրամփի վրաստանյան գործընկեր Silk Road Group ընկերությունը, դրանք պարզապես կրելու էին Թրամփի անունը՝ ըստ արտոնագրային համաձայնության։
Ըստ երեւույթին Թրամփի նախագծերը սերտ կապակցված էին Սահակաշվիլու հետ, եւ 2012-ի ըտրություններում նրա կուսակցության պարտությունից հետո այդ նախագծերն էլ «սառեցին» Սահակաշվիլու քաղաքական հեռանկարների հետ միասին։
Իսկ Բաքվում Թրամփի համալիրի շինարարությունն ավելի արագ էր առաջ գնում, աշխատանքները այնտեղ սկսվել էին 2015-ին։ Բայց 2016-ին ադրբեջանական տնտեսության անկումային վիճակի պատճառով այդ նախագիծը սկսեց դոփել տեղում։ Երկարատեւ ձգձգումներն ու նախագիծը ֆինանսավորող ադրբեջանցի գործարար ՝ տրանսպորտի նախարարի որդի Անար Մամեդովի անվան շուրջ խնդիրները խորացրեցին իրավիճակը ու 2016-ի կեսերին այս նախագիծը ջնջվեց Trump Organization–ի կայքից։
Հիմա Ադրբեջանի ու Վրաստանի կառավարությունները կանգնել են այն հարցի առաջ, որ Անդրկովկասում Թրամփի ֆինանսական շահագրգռվածության բացակայությունը կարող է նվազեցնել նաեւ Վաշինգթոնի քաղաքական հետաքրքրությունը այս տարածաշրջանի հանդեպ։
Այս հեռանկարը հատկապես Վարստանին է մտահոգում, որը վաղուց է իր արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ-ի հետ հույսեր կապում։ Ավելին Ռուսաստանի հանդեպ Թրամփի դրական վերաբերմունքը է՛լ ավելի է մտահոգում Վրաստանին, որը վախենում է, որ իրեն կարող են զոհաբերել հանուն ռուս- ամերիկյան հարաբերությունների։
Նույնիսկ եթե դա տեղի չունենա, ԱՄՆ նոր վարչակազմն ամենայն հավանականությամբ շատ չի աջակցի արեւմտյան տնտեսական ու պատպանական կառույցներին Վրաստանի ինտեգրման ձգտումը։ Այս իրավիճակը կարող է կասկածելի դարձնել բացառապես դեպի արեւմուտք Վարստանի արտաքին կողմնորոշման նպատակահարմարությունը։ Որոշ վրացի պաշտոնյաներ, այդ թվում եվրոատլանտյան ինտեգրման կողմնակիցները, գուցե կորոշեն, որ դեպի Ռուսաստան քաղաքական կուրսի փոփոխությունը տրամաբանությունից զուրկ չէ համենայն դեպս միջնաժամկետ հեռանկարում։
Ադրբեջանի համար Թրամփի վարչակարգի օրոք հնարավոր փոփոխությունների հարցը այդքան սուր չէ, բայցեւ բավականին լուրջ է։ Բաքվի արտաքին քաղաքականությունը վաղուց կառուցվում է Մոսկվայի ու Վաշինգթոնի միջեւ հավասարակշռության պահպանման վրա, երբեմն նրանց միջեւ հանուն իր սեփական շահի մրցակցություն ստեղծելու հաշվին։ Այս ռազմավարությունը, հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիեւի օրոք արդարացնում էր իրեն, սակայն վերջերս դրա արդյունավետությունը սկսել է նվազել, ու Իլհամ Ալիեւը սկսել է մասամբ հրաժարվել դրանից։ Դա մեծամասամբ բացատրվում է երկրում սրընթաց զարգացող տնտեսական խնդիրերով։ Էներգակիրների գների անկումը վնասել է Ադրբեջանի միջազգային վարկանիշին։
Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ վաշինգթոնյան վեկտորի թուլացումը ստիպել է Բաքվին ավելի շատ ապավինել Մոսկվային, ու նույնիսկ լավացրել հարաբերությունները Թեհրանի հետ, որի հետ Բաքուն ավանդաբար բարդ հարաբերությունների մեջ է։
Ենթադրվում է, որ այս տարածաշրջանում Թրամփը վարելու է իրատեսական, շահի վրա հիմնված քաղաքականություն, ինչը միանգամայն ձեռնտու է Ադրբեջանի իշխող վերնախավի որոշ մասին, հաշվի առնելով նրանց նավթի ու գազի մեծ պաշարները, աշխարհիկ երկրի վարկանիշն ու ահաբեկչության դեմ պայքարում դրական իմիջը։ Բացի դրանից լինելով նախկին ԽՍՀՄ տարածքում ամենառեպրեսիվ պետություններից մեկը, Ադրբեջանը կարող է միայն ողջունել Թրամփի վարչակարգի օրոք մարդու իրավունքների թեմայի երկրորդ պլան մղվելը։
Միաժամանակ, այն հնարավորոթյունը, որ Ադրբեջանին վերաբերող հարցերում Թրամփի վարչակարգը կարող է պարզապես Մոսկվայի կողմն անցնել՝ ունակ է վերջ տալ Բաքվի արտաքին քաղաքականության մեջ բազմավեկտորության վերջին նշույլներին։ Բացի դրանից, հաշվի առնելով, որ Թրամփը քիչ է հետաքքրվում դիվանագիտական ու աշխարհագրական նրբություններով, աճում է այն մտահոգությունը, որ Ադրբեջանի ու ընդհանուր տարածաշրջանի շահերի մասին կարող են առհասարակ մոռանալ։
Ինչեւէ, նոր իրողությունը բավականին մռայլ է թվում այն տարածաշրջանի համար, որն իր չափերին ոչ համաչափ մեծ ազդեցություն ունի արեւմտյան մայրաքաղաքներում։





























