Հինգշաբթի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը առաջին անգամ հայտարարութուն է արել ապագա ամերիկյան միջուկային զինանոցի վերաբերյալ, հայտնում է գերմանական Süddeutsche Zeitung թերթը։ «ԱՄՆ-ն պետք է ամրապնդի իր միջուկային հնարավորությունները, քանի դեռ աշխարհը չի սթափվել միջուկային ռումբերի հարցում»,- գրել էր Թրամփն իր «Թվիթերում»։

Դրանից ավելի վաղ այդ նույն թեմայով արտահայտվել է ՌԴ նախագահ Պուտինը։ Պուտինը հայտնել էր, որ Ռուսաստանը «պետք է ամրապնդի իր ռազմավարական միջուկային ուժերի մարտական ներուժը, նախեւառաջ հրթիռային համալիրների հաշվին, որոնք ունակ կլինեն երաշխավորված ձեւով հաղթահարել հահահրթիռային պաշտպանության առկա ու հեռանկարային համակարգերը»։

Սպառազինման հարցերով փորձագետ Ջեֆրի Լյուիսը Atlantic –ի համար իր հոդվածում դեռ չի շտապում եզրակացություններ անել երկու երկրների միջուկային ռազմավարությունների փոփոխության վերաբերյալ․ Բարաք Օբաման նույնպես միշտ աջակցել է միջուկային սպառազինումների ու դրանց կրիչների թանկարժեք արդիականացումը (բայց ոչ թվային աճը)։ «Առայժմ պարզ չէ, արդյոք դա կապ ունի աշխարհքաղաքական ծրագրերի հետ»,- մեկնաբանում է Լյուիսը Պուտինի ու Թրամփի հայտարարությունները։

Այդուհանդերձ կան վերլուծաբաններ, որոնք հնարավոր են համարում, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ միջուկային սպառազինությունների նոր մրցավազքը կստիպի մյուս միջուկային պետություններին՝ Չինաստանին, Հնդկաստանին, Պակիստանին, նույնպես ավելացնել իրենց զինանոցը։ Առավել եւս, որ նախընտրական քարոզչոթյան ընթացքում Թրամփը ասում էր այն մասին, որ Հարավային Կորեան ու Ճապոնիան նույնպես պետք է սպառազինվեն միջուկային զենքով Հյուսիսային Կորեայից պաշտպանվելու համար, ասվում է հոդվածում։