Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը 37-րդ հորիզոնականն է զբաղեցրել ֆրանսիացիների շրջանում ժողովրդականության վարկանիշում, այսպիսով առաջ անցնելով Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնից, որը 42-րդ հորիզոնականում է, հայտնում է Journal du Dimanche թերթը։
Տարեկան երկու անգամ Ֆրանսիայի բնակիչների շրջանում անցկացվում է հարցում նրանց «սիրելի անձանց» մասին։ Օրերս հրապարակված վարկանիշի առաջին 50 տեղերում են նաեւ դերասաններ Դենի Բունը, Սոֆի Մարսոն ու Ժան Ռենոն։
Հարցման առաջատարն է դերասան Օմար Սին, որը ստացել է «Սեզար» մրցանակ «1+1» ֆիլմում տղամարդու լավագույն դերի համար։
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցնեն երկու փուլով 2017-ի ապրիլի 23-ին ու մայիսի 7-ին։ Harris Interactive-ի հարցման տվյալներով, որը հրապարակվել է նոյեմբերի վերջին, Ֆրանսուա Ֆիյոնն ու Մարին Լե Պենը երկրորդ փուլ կանցնեն համապատասխանաբար 26 ու 24 տոկոսով, որից հետո նախկին վարչապետը կհաղթի Լե Պենին 67 տոկոսը 33 տոկոսի նկատմամբ հարաբերակցությամբ։





























