Մի քանի պատճառ կա՝ ինչու է Ռեջեբ Թայիփ Էրդողանի կառավարությունը փորձում համաձայնեցնել իր երկրի քաղաքականությունը Մոսկվայի հետ, և ոչ Վաշինգտոնի: Այս մասին  The Washington Post պարբերականում գրում է Ջոշուա Ռոգինան:

Առաջին, Էրդողանի  կուսակցությունը  իշխանության է եկել՝ հիմնվելով հակաամերիկյան հարթակի վրա, երկրում ճնշում չկա՝ ԱՄՆ-ին դիմակայելու համար, իսկ վերջին պետական հեղաշրջման փորձը թուլացրել է նրա դիրքերը:

«Սակայն նախագահ Օբամայի անհաջող քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայի նկատմամբ, սրացրել է այդ միտումները և հիմք դրել իրադարձությունների վերջին զարգացմանը»,- գրում է հեղինակը:

Նույն թերթի խմբագրականում նշվում է, որ Ռուսաստանի դեսպանի սպանությունը ջերմացրել է ռուս-թուրքական հարաբերությունները: «Էրդողանի համար ԱՄՆ-ը կորցնում է արդիականությունը, քանի որ Մերձավոր Արևելքում գործողություններն ավելի կարևոր են, քան հռետորաբանությունը, իսկ այդ առումով Վաշինգտոնում ավելի շատ խոսում էին, քան գործում»,- կարծում է Թուրքիայի խորհրդարանի  նախկին պատգամավոր Այքան Էրդեմիրը: Նրա խոսքով՝ Թուրքիայի քաղաքական կուրսի փոփոխության պատճառներից մեկն էլ ԱՄՆ-ի կողքից քրդերին ցուցաբերվող աջակցությունն է: «Թուրքերը նայեցին իրավիճակին և մտածեցին. այս աշխատակազմը չի ցանկանում զբաղվել Սիրիայով: Մենք կսպասենք հաջորդին: Իսկ հիմա տեսնենք՝ ինչ կարելի է անել ռուսների հետ»,- կարծում է Մերձավորարևելյան քաղաքականության վաշինգտոնյան կենտրոնի վերլուծաբան Էնդրյու Թաբլերը:

Ինչ վերաբերում է Թրամփի աշխատակազմին, հեղինակի խոսքով՝ այն կարող է ընդունել քաղաքական գործընթացի՝ Ռուսաստանի ղեկավարության տակ անցնելը՝ որպես կատարված փաստ: Նրա կարծիքով՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի հավատարմությունը տարածաշրջանային քաղաքականությանը և թուրք-ամրիկյան հարաբերությունների վերաբեռնավորումը,Անկարան կարող է վերանայել իր քաղաքականությունը արևմտյան գործընկերների նկատմամբ: