Եվրամիության հետ Թուրքիայի վիզային ռեժիմի ազատականացումը չի գործարկվի մինչեւ Անկարան չբարեփոխի իր հակաահաբեկչական օրենսդրությունը: DW-ի փոխանցմամբ՝ այս մասին Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել է Funke Mediengruppe պարբերականի հետ հարցազրույցում:

 
Շուլցը դեռեւս խորհրդարանի քննարկմանը չի ուղարկել Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմի վերաբերյալ Եվրահանձնաժողոի առաջարկը: «Այն (փաստաթուղթը - խմբ.) դեռեւս իմ սեղանին է»,- ասել է Եվրախորհրդարանի ղեկավարը՝ հավելելով, որ խռովությունից հետո Թուրքիայի իշխանությունների գործողությունները շատ հարցեր են հարուցում:

Մասնավորապես Շուլցը հիշեցրել է Թուրքիայում լրատվամիջոցների ազատության սահմանափակումների մասին եւ հայտարարել, որ դա անընդունելի է: Նա Անկարային նաեւ զգուշացրել է մահապատիժը վերականգնելու հարցում՝ հավելելով, որ դա կհանգեցնի ԵՄ-ին Թուրքիայի անդամկցության շուրջ բանակցությունների ավարտին:
Եվրամիության եւ Անկարայի միջեւ կնքված պայմանագրի շրջանակում Թուրքիայի իշխանությունները պետք է կատարեն Եվրահանձնաժողովի առաջադրած 72 պայման, մասնավորապես փոխեն ահաբեկչության դեմ պայքարի օրենքը, քանի որ գործող տարբերակով այն կարող է կիրառվել ընդդիմադիրների եւ կառավարությանը քննադատող լրագրողների դեմ: